ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Աշխատանքային այց` ՀՀ Կոտայքի մարզ

Աշխատանքային այց` ՀՀ Կոտայքի մարզ
01.11.2014 | 14:31

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով մեկնել էր ՀՀ Կոտայքի մարզ և հանդիպումներ ունեցել մարզի մի շարք ավագ և հիմնական դպրոցներում, միջին մասնագիտական կրթական հաստատություններում: Մարզային այցն ամփոփովել է մարզպետարանում՝ կրթության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությամբ: Նախարարին ուղեկցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը:

Նախարարի առաջին կանգառը Աբովյանի կրթահամալիրում էր, որի կազմում ներառված է երեք հաստատություն՝ նախնական արհեստագործական ուսումնարան, ավագ և հիմնական դպրոցներ: Համալիրն ունի 686 սովորող, որոնցից 180-ը` ուսումնարանում, 486-ը` ավագ և հիմնական դպրոցներում: Համալիրում իրականացվում է նաև ներառական կրթություն 30 երեխայի համար: Նախարարը շրջել է կրթահամալիրի դասարաններում, զրուցել սովորողների հետ, հետաքրքրվել առկա խնդիրներով, մասնավորապես, ավագ դպրոցում աշակարտների հաճախելիության ցուցանիշով: Դպրոցի տնօրեն Ա. Դաղբաշյանը նախարարին ներկայացրել է, որ ավագ դասարանների ծանրաբեռնվածությունը օրենքով սահմանված 20-25 աշակերտի սահմանում է, բացակայությունները շատ չեն: Ինչպես ուսումնարանում, այնպես էլ ավագ դպրոցում կրթահամալիրն այս տարի աշակերտների աճ է գրանցել:
Կրթահամալիրից հետո նախարարն ու մարզպետն այցելել են Աբովյանի պետական քոլեջ: Քոլոջն ունի 260 սովորող՝ 8 մասնագիտություններով: Պետության կողմից ՄԿՈՒ համակարգում պետպատվեր տեղերի 50 տոկոս աճը հնարավորություն է տվել ավելացնել անվճար սովորողների թիվը: Քոլեջի ուսանողները նախարարի հետ զրույցում նշել են, որ գոհ են կրթության կազմակերպումից և ինքնուրույն են ընտրել իրենց մասնագիտությունը: Սովորողների մեծ մասը հիմնական կրթության հենքով են սովորում քոլեջում:
Մանկավարժների հանդիպման ժամանակ նախարարը կարևորել է միջին մասնագիտական կրթության նշանակությունը. «ՄԿՈՒ համակարգի աշխուժացումը սկսվել է մի քանի տարի առաջ. ակնհայտ է, որ այսօր սովորողների հոսքը դեպի քոլեջներ և ուսումնարաններ նկատելիորեն շատացել է: Դրան նպաստել է պետության քաղաքականությունը. այս տարի մենք ավելացրել ենք պետպատվերով հատկացված տեղերը, դրանք անգամ թափուր մնացին: Գործարար ոլորտի հետ մեր բանակցություններն ու հանդիպումները վկայում են, որ մասնավոր հատվածն ավելի շատ կարիք ունի միջին մասնագիտական ոլորտի մասնագետների»,- նշել է նախարարը:
Քոլեջի մանկավարժների հարցերը հիմնականում վերաբերել են տեխնիկական բազայի համալրմանը և դասագրքերով ապահովմանը, ինչպես նաև քոլեջներում աշխատող դասախոսների աշխատավարձերի բարելավմանը: Նախարար Ա. Աշոտյանը նշել, որ այս տարվա հուլիսի 1-ից ՄԿՈՒ համակարգում, հատկապես քոլեջներում, աշխատավարձի բարձրացում արդեն եղել է, և այդ քաղաքականությունը լինելու է շարունակական, իսկ ինչ վերաբերում է դասագրքերին, ապա նախարարի հավաստմամբ դասագրքերի պակաս հանրապետությունում չկա, հակառակը՝ դրանք միշտ 5 տոկոս ավել են տպագրվել:
«Խնդիրն ավելի շատ տեխնիկական է. հանրակրթական բաղադրիչն ապահովելու համար քոլեջներն ու ուսումնարանները պետք է օգտվեն ավագ դպրոցների համար նախատեսված դասագրքերից: Պետք է սահմանված կարգով դիմել Դասագրքերի շրջանառու հիմնադրամին և սահմանված կարգով ստանալ այդ դասագրքերը: Ինչ վերաբերում է ՄԿՈՒ ոլորտի մասնագիտական դասագրքերին, վերջին տարիներին ձեռնարկներ են հրատարակվել 50 մասնագիտւթյունների համար, որոնք հասանելի են նաև էլեկտրոնային եղանակով: Այնումենայնիվ, այստեղ մենք դեռևս անելիք ունենք»,- նշել է Ա. Աշոտյանը:
Նախարարն այցելել է նաև Չարենացավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոց և թիվ 6 հիմնական դպրոցի հենքի վրա ստեղծված նախակրթարան: Ավագ դպրոցում նախարարը շրջել է դասարաններում, զրուցել աշակերտների ու մանկավարժների հետ: Ներկայացնելով դպրոցի ձեռքբերումները՝ տնօրենն ընդգծել է, որ իրենց սաներն հաջողություններ են ունեցել հանրապետական առարկայական օլիմպիադաներում՝ «Հայոց պատմություն» և «Հայ եկեղեցու պատմություն» առարկաներից: Ավագ դասարանների «Հանրահաշիվ» առարկայի և բնագիտական նոր դասագրքերի վերաբերյալ դպրոցի ուսուցիչներն արտահայտել են իրենց գոհունակությունը, սակայն «Երկրաչափություն» առարկայի համար նախընտրելի են համարել խորհրդային տարիներից գործող և վերահրատարկված տարբերակը:
Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցում նախարարը ծանոթացել է Համաշխարհային բանկի աջակցությամբ ստեղծված նախակրթարանի աշխատանքին. նախակրթարանում այժմ գործում է 3 խումբ` 80 սաների համար:
Ամփոփելով այցի արդյունքները՝ մարզկենտրոնում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ կրթական քաղաքականությունը Կոտայքի կրթական հաստատություններում իրականացվում է արդյունավետ. «Բարձրացված խնդիրները հիմնականում համակարգային բնույթի էին և ընդհանուր բոլոր մարզերի համար: Անկախ այն հանգամանքից, որ մարզերում կան մարզային և նախարարության ենթակայությամբ գործող կրթական հաստատություններ, միևնույնն է, մենք իրականացնում ենք միասնական կրթական քաղաքականություն՝ համագործակցելով մարզպետարանների հետ»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ Կոտայքի մարզից վերջին շրջանում նախարարության «Թեժ գծին» ահազանգերը նվազել են: Իբրև համակարգային խնդիր՝ նախարարը առանձնացրել է ուսուցչական համակազմի և հաստիքների անհամապատասխանությունը, որը պետք է դիտարկել ինչպես կրթության որակի, այնպես էլ սոցիալական ուղղվածության տեսանկյուններից: Անդրադառնալով դպրոցների շենքային պայմանների բարելավմանն ու տեխնիկական վերազինմանը՝ Ա. Աշոտյանը նշել է, որ 2015 թվականին նախատեսվում է ավագ դասարանների գույքային և համակարգչային վերազինում, ինչպես նաև վիրտուալ բնագիտական լաբորատորիաների ներմուծում: «Մեր փորձն ու դիտարկումները ցույց են տալիս, որ կրթության որակի ապահվման համար տեխնիկական վերազինումից ոչ պակաս կարևոր է նաև տնօրենի և մանակավարժական անձնակազմի պրոֆեսիոնալիզմը: Դպրոցի հեղինակության և անվան համար տեխնիկայի վերջին ճիչը չի կարող որոշիչ լինել, եթե այնտեղ բանիմաց տնօրեն և մանկավարժներ չկան»,- դիմելով խորհրդակցության մասնակիցներին` նշել է նախարարը: Խորհրդակցության ընթացքում անդարադարձ է եղել մարզում միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ դպրոցական «Տաք սնունդ» ծրագրի կազմակերպմանը, դպրոցական շենքերի վերանորոգմանը և ընթացիկ մի շարք այլ հարցերի:

Դիտվել է՝ 1581

Մեկնաբանություններ